Skip to content

Մի քանի տարի է, ինչ about:blank-ը գտնվում էր իր ստեղծման փուլում, մինչև վերջնական տեսքի գալն ու աշխարհին ներկայանալը հենց այնպես, ինչպես դուք տեսնում եք և գիտեք հիմա: Նախ ծնվեց սթրիթվեըրի հագուստի խանութ բացելու գաղափարը, որը սկզբում թվում էր անհնարին մի բան: Մեր օրերում, երբ մտածում ենք սթրիթվեըրի հագուստի խանութի մասին, միանգամից կապում ենք KITH NYC-ի, Colette-ի կամ նմանատիպ այլ խանութների հետ: Ես նույնպես այդպես էի մտածում և շատ բան չէի անում մինչև այն օրը, երբ հայտնվեցի Բարսելոնայի Էլ Բորն թաղամասում: Նրբանցքներից մեկում գտնվող մի փոքրիկ սքեյթի խանութ անմիջապես աչքս գրավեց, և վայրկյաններ անց ես արդեն ներսում էի:

Այն իսկապես փոքր էր, ընդհանուր առմամբ երևի մի 10-15 քմ տարածք՝ սքեյթբորդերների մի փոքրիկ հավաքածուով և իրերով, որոնք կապ ունեն դրա հետ՝ շապիկներ, կեպիներ և այլ պարագաներ: Բայց ամենակարևորը դրամարկղի հետևում կանգնած տղան էր, ով հենց խանութի տերն էր: Տղան, ով հավանաբար քառասունին մոտ էր, թվում էր, որ կրքոտ տարվածություն ունի սքեյթբորդինգով և դրա մշակույթով: Չեմ հիշում, թե այն ժամանակ հատկապես ինչի մասին խոսեցինք, բայց նա մեծ խանդավառությամբ ինձ պատմեց մի քանի թույն պատմություն Մարկ Գոնսալեսի և իր Krooked բրենդի մասին: Ես դուրս եկա խանութից Krooked կեպիով և նոր մտածողությամբ, որ ինձ պետք չի միլիոնավոր դոլարների ներդրում իսկական խանութ բացելու համար:

Գիտակցումը, որ փոքր խանութը, ուժ ստանալով հիմնականում ոգևորությունից, կարող է գոյություն ունենալ, գոյատևել և ազդել մարդկանց վրա, ինձ հնարավորություն տվեց թարմ հայացք նետել սթրիթվեըրի հագուստի խանութ բացելու իմ հին գաղափար-երազանքի վրա:

Երևան վերադառնալուց հետո այս գաղափարը շատ ավելի հաճախ սկսեց մտքովս անցնել և ժամանակի հետ զարգացավ և ծավալվեց այնպես, որ այլևս չէի կարող ուղղակի անտեսել կամ վերաբերվել դրան որպես մի անիրական երազանքի:

Վերջում այն միայնակ չիրականացրի, այլ այդ մտահղացմամբ կիսվեցի իմ ընկեր Արամի հետ, ում գիտեմ դեռ դպրոցական տարիներից: Մենք շատ արագ հասկացանք, որ նույն կերպ ենք մտածում ու անցանք գործի: Մեզանից ոչ մեկի համար էլ զարմանալի չէր, որ երկուսս էլ նախընտրում էին բիզնեսի «արվեստ և դիզայն» կողմը, քան պարզ առևտրային գործը, այնպես որ նախաձեռնեցինք ստեղծել այնպիսի բրենդ, որը թույլ կտար մեզ լողալ բիզնեսի և ստեղծագործականության մեջտեղում, ինչը մեզ համար խիստ կարևոր էր:

Տարիներ անց ահա այստեղ ենք՝ about:blank-ում։ 


Չնայած խորապես կարևորում ենք փողոցային նորաձևության վիզուալ և ֆիզիկական կողմը, բայց նաև չենք ցանկանում սահմանափակվել միայն ապրանքների պարզ վաճառքով: Ի վերջո, սթրիթվեըրի ոգին անհատական ցանկությունների արտահայտումն է, մի բան, ինչը մենք ցանկանում ենք խրախուսել և զարգացնել այստեղ՝ աշխարհի մեր այս անկյունում:

Մեր եզակի և մշտապես փոփոխվող կոնցեպտը ծավալվելու, նոր ուղղություններով զարգանալու և շրջանակը ընդլայնելու մեծ հնարավորություն է ընձեռում: Թեև նախնական նպատակը տեղական սպառողին միջազգային սթրիթվեըր և հարակից այլ ապրանքներ առաջարկելն է, բայց արագ զարգանալու, ավելի մեծ ու ազդեցիկ բանի վերաճելու հեռանկարից չենք ամաչում: Ամեն ինչ սկսվում է դատարկ էջից:
 

Սա վերաբերում է այն ամենին, ինչը կարող է լինել բազմազան՝ գույներ, ոճեր, տեսակներ, արտահայտչամիջոցներ և այլն: Այսպիսով՝ խնդրում ենք չզարմանալ, եթե տեսնեք about:blank-ի առաջարկած որևէ ապրանք կամ նախագիծ միանգամայն այլ տեսքով, գույնով կամ ձևով:

 

 

Գործարկվելուց, զարգանալուց ու ընդլայնվելուց հետո ցանկանում ենք համագործակցել բրենդների և ստեղծագործական տարբեր միջոցներով աշխատող անհատների հետ: Ինչ էլ անենք, միշտ կբխի գլխավոր կոնցեպտից և կուղեկցվի համագործակցության ոգով: Մեր ցանկությունն է միավորվել և կապեր ստեղծել, այլ ոչ թե մասնատել և օտարվել իրարից:

Որպեսզի կարողանանք ընդգրկել վերևում թվարկածը, անհրաժեշտ էր մի համընդհանուր անուն, որը մեզ չի փակի վանդակի մեջ, այլ հնարավորություն կտա փորձարկել և փորձել նոր բաներ՝ առանց սահմանափակումների: about:blank-ի հիմնական գաղափարն այն է, որ կրկնակետի նշանով (:) իրար կապված այս երկու բառերը փոփոխական են:


Իսկ ի՞նչ են փոփոխականներն անում: Դրանք փոխվում են՝ այդպիսով ստեղծելով նույն բանաձևի տարբեր դրսևորումներ: about:blank-ի դեպքում դրանք շատ տարբեր տեսք ու ձևեր կընդունեն՝ կենտրոնանալով թե՛ տեղական, թե՛ համաշխարհային փողոցային մշակույթի, կյանքի ոճի, արվեստի և երաժշտության թեմաների շուրջ:


Հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում պատրաստվում ենք գործարկել այդ «բազմազան» նախագծերից երկուսը, որոնք կապված են երաժշտության հետ։ Նախագծերի մասին ավելի մանրամասն կպատմենք մեր առաջիկա բլոգային գրառումներում, չնայած այս գրառման գրաֆիկական պատկերից գուցե արդեն կռահել եք, թե խոսքն ինչի մասին է: :)

Previous Article Next Article

0 comments

Leave a comment

Please note, comments must be approved before they are published

Availability